ԻԿՕՄՕՍ-ի 18-րդ Գլխավոր ասամբլեա
2014թ. նոյեմբերի 9-14-ը Ֆլորենցիայում տեղի է ունեցել ԻԿՕՄՕՍ-ի 18-րդ Գլխավոր ասամբլեան և Գիտաժողովը, որոնց մասնակցել է ԻԿՕՄՕՍ/Հայաստանը`երեք անդամներով` Գ.Գյուրջյան /ԻԿՕՄՕՍ/Հայաստանի նախագահ/, Մ.Բրամբիլլա /արտասահմանյան անդամ/, Ս.Մելիք-Քարամյան:
Իտալիայի նախագահ պրն. Ջ.Նապոլիտանոյի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն տկն Իրինա Բոկովայի բարձր հովանու ներքո իրականացված այս իրադարձությանը մասնակցել են մոտ 1650 մասնակիցներ և հյուրեր 94 երկրներից, և ներկայացվել են ԻԿՕՄՕՍ-ի 73 Ազգային կոմիտեներ:
«Գեթթի» հիմնադրամի և ԻԿՕՄՕՍ-ի «Վիկտորիա Ֆոլս» հիմնադրամի խոշոր դրամաշնորհի աջակցությամբ 56 մասնագետներ 42 երկրներից մասնակցել են Գլխավոր ասամբլեային:
Գլխավոր ասամբլեան փոփոխություն է մտցրել 1978թ. հաստատված ԻԿՕՄՕՍ-ի կանոնադրության մեջ` բարելավելու կազմակերպության կառավարումը, ինչպես նաև, վերանայել է 2002թ. ԻԿՕՄՕՍ-ի Էթիկայի սկզբունքները: Ասամբլեայի Գիտաժողովի քննարկումների ընթացքում հաստատվել է Ֆլորենցիայի հռչակագիրը` «Ժառանգությունը և լանդշաֆտները որպես մարդկային արժեքներ» խորագրի հիման վրա: Ընդունվել են նաև 49 բանաձևեր, որոնք վերաբերում են ԻԿՕՄՕՍ-ի կազմակերպչական հարցերին, գլխամասային գրասենյակի տեղափոխմանը, այդ թվում նաև` արդիական խնդիրներին, ինչպիսիք են օրինակ` տնտեսական ճգնաժամի ազդեցությունը ժառանգության պահպանության վրա, 2014թ. մշակույթի և մշակութային ժառանգության ներառումը Միացյալ Ազգերի Զարգացման օրակարգում և իրավիճակները, որոնք ազդում են կոնկրետ հուշարձանների և հնավայրերի վրա, մասնավորապես, զինված հակամարտության հանդիպած երկրներում /Սիրիա, Իրաք և Ուկրաինա/:
«Պիեռո Գազոլլա» մրցանակը հանձնվել է պրոֆեսոր Հենրի Քլերին,ով 1975թ. ԻԿՕՄՕՍ/Մեծ Բրիտանիայի և 1981-1990թթ. ԻԿՕՄՕՍ-ի Գործադիր կոմիտեի անդամ է: Նա պարգևատրվել է Համաշխարհային Ժառանգության Կոնվենցիայում` ԻԿՕՄՕՍ-ի դերն արտահայտելու, 1992-2002թթ. ԻԿՕՄՕՍ-ի Համաշխարհային Ժառանգության համակարգող լինելու և հնագիտական ժառանգության կառավարման ոլորտում ունեցած մեծ ավանդի համար: 12 անդամների ևս հայտարարել են Պատվավոր անդամներ:
Գլխավոր ասամբլեայի ընթացքում տեղի է ունեցել նաև նոր ղեկավարության քվեարկություն, որտեղ պրն Գուստավո Արաոզը (ԱՄՆ) վերընտրվել է նախագահ, տկն Կիրստի Կովանեն` (Ֆինլանդիա) գլխավոր քարտուղար, տկն. Լաուրա Ռոբիսոնը` (Հվ. Աֆրիկա) գլխավոր գանձապահ; Ընտրվել են ևս 5 փոխնախագահներ և Գործադիր կոմիտեի 12 անդամներ: Միջազգային ղեկավարության թիմի նոր կազմը ներառում է ներկայացուցիչներ` Արգենտինայից, Ավստրալիայից, Բուլղարիայից, Չինաստանից, Ֆինլանդիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Հունաստանից, Հնդկաստանից, Իռլանդիայից, Իսրայելից, Ճապոնիայից, Մեքսիկայից, Հարավային Աֆրիկայից, Իսպանիայից, Շվեդիայից, Արաբական Միացյալ Էմիրություններից և ԱՄՆ-ից:
Գլխավոր ասամբլեայի ընթացքում կազմակերպվել էր նաև ԻԿՕՄՕՍ-ի Միջազգային Գիտական կոմիտեների ֆորում, որի նպատակն էր խթանել փոխանակումները և փոխըմբռնումները: Միջազգային Գիտական կոմիտեներին հնարավորություն էր տրված ներկայացնել իրենց գործունեությունը և մի առաջարկ, որը մեծ հաջողությունների էր հասել: Գլխավոր ասամբլեայի ընթացքում ԻԿՕՄՕՍ-ի 25 Միջազգային Գիտական Կոմիտեներ և Աշխատանքային խմբեր ևս կազմակերպել են իրենց տարեկան կամ գիտական հանդիպումները:
Բացի այդ, ասամբլեայի ծրագրում մոտ 60 երեկույթներ և կողմնակի միջոցառումներ են ներառվել, որոնցից ամենակարևորը Վենետիկի Կանոնադրության 50-ամյակի և «Նառա» փաստաթղթի վավերականացման 20-ամյակի տոնակատարություններն են:
Այսպիսով, Ֆլորենցիայի հռչակագիրը` «Ժառանգությունը և լանդշաֆտները որպես մարդկային արժեքներ» թեմայով, վերաբերում է Մշակութային Ժառանգության այն արժեքներին, որոնք միտում ունեն կառուցելու խաղաղ և ժողովրդավարական հասարակություն:
Տվյալ հռչակագիրը կոչ է անում խորն ուսումնասիրել էթիկայի և ժառանգության կառավարման գործընթացները, և կիսում է մտահոգությունները`կապված մարտահրավերների հետ, որոնց ներկայի և ապագայի սերունդները պետք է առնչվեն:
ԻԿՕՄՕՍ-ի նպատակն է լուծել այս խնդիրը ներդաշնակ զարգացման տեսլականի միջոցով, որի կենտրոնում կլինի ժառանգության ներուժը` որպես խաղաղության և սոցիալ-մշակութային համախմբվածության վկայություն: Փաստաթուղթը հիմնված է ԻԿՕՄՕՍ-ի էթիկական պարտավորությունների վրա, որոնք պաշտպանում և հզորացնում են համամարդկային արժեքները:
Գիտաժողովի թեմաները հաշվի են առել տարբեր ասպեկտներ, ինչպիսիք են` համայնքի ինքնության փորձի տարածումը զբոսաշրջության և մեկնաբանության միջոցով, լանդշաֆտը որպես մշակութային միջավայր, կայունություն ավանդական գիտելիքների միջոցով, համայնքի կողմից պահպանություն, տեղական հզորացում և պահպանման պրակտիկայի համար նախատեսված նոր գործիքներ:
Ֆլորենցիայի հռչակագիրը հասանելի է ԻԿՕՄՕՍ-ի վեբ կայքում /www.icomos.org/: