Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհուրդը` ԻԿՕՄՕՍ-ը, ստեղծվել է 1965թ. Վարշավայում: Այն միջազգային ոչ-կառավարական միակ կազմակերպությունն է, որը ողջ աշխարհում գործունեություն է իրականացնում մշակութային ժառանգության մաս կազմող հուշարձանների, դրանց համալիրների և տեսարժան վայրերի պահպանության և պաշտպանության բնագավառում: Այն կոչված է խրախուսել պահպանությանն ու պաշտպանությանն ուղղված տեսությունը, մեթոդաբանությունը և տեխնոլոգիաները: ԻԿՕՄՕՍ-ի գործունեությունը հենվում է հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանության և վերականգնման հիմնարար սկզբունքների վրա, որոնք ձևակերպվել են 1964թ. ընդունված Վենետիկի խարտիայում: Այն հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին առընթեր գործող անկախ կազմակերպություն, որին Համաշխարհային ժառանգության մասին կոնվենցիայով վերապահված է գնահատել Համաշխարհային ժառանգության ցուցակում գրանցման ներկայացված հայտերը: ԻԿՕՄՕՍ-ը  հանդիսանում է Համաշխարհային ժառանգության կոնվենցիայի խորհրդակցական մարմին: Կազմակերպության նստավայրը Փարիզում է:

ԻԿՕՄՕՍ-ը փորձագետների մասնագիտացված ցանց է, որում ներգրավված են ճարտարապետներ, պատմաբաններ, հնագետներ, արվեստի պատմաբաններ, աշխարհագրագետներ, մարդաբաններ, ինժեներներ և քաղաքաշինարարներ:

ԻԿՕՄՕՍ-ի անդամները գործում են ժառանգության պահպանության ոլորտում` նպաստելով վերականգնման տեխնիկական առաջընթացին, մշակելով պահպանության նորմեր անշարժ ժառանգության բնագավառում շենքեր, պատմական քաղաքներ և գյուղեր, պատմական այգիներ, մշակութային լանդշաֆտ, հնագիտական վայրեր և այլն: 

Աշխարհի բոլոր կողմերում ԻԿՕՄՕՍ-ն ունի 110 ազգային կոմիտեներ, ինչպես նաև 27 գիտական կոմիտեներ: 


Համաշխարհային ժառանգության հայկական արժեքները